Կրթության պետական լիազոր մարմինը մշակել է ատեստավորման նոր կարգ․ պատգամավորը նոր մանրամասներ է հայտնում

Հանդիպում եմ ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Ժ․ Անդրեասյանի հետ ձեզ, ինչպես նաև ինձ հուզող հարցերի շուրջ ունեցել քննարկում։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Մասնավորապես․

1/Ատեստավորման նոր կարգ։

ՀՀ-ում հանրակրթական ուսհաստատություններում ատեստավորման գործընթացն սկսվել է 2011թ․-ից։

Մինչ այս օրը ունեցել ենք երկու փուլով ատեստավորման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրի դեպքում գործել են այդ փուլի համար պարտադիր պայմաններ։ Տարիների ընթացքում ատեստավորվող ուսուցիչների կողմից անընդհատ լինում էին առաջարկություններ դասընթացի բովանդակային, ընթացակարգային, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Դրանց հիման վրա միշտ փոփոխվում էին ծրագրերը։ Ամենաքննարկվող ու քննադատվող երկու հարց կար, որոնք կարելի էր առանձնացնել առաջարկներից․ առաջինը վերաբերում էր գործուղվող ուսուցիչների ճանապարհածախսին (փոխհատուցման կարգը գործեց 2011-2012 թթ համաշխարհային բանկի շնորհիվ, հետո, թե ինչ եղան գումարները, որոնք նախատեսված էին առաջիկա 5 տարիների ընթացքում ուսուցիչների ատեստավորման դասընթացի համար, թերևս կպատասխանեն նախկին վարչապետ Տ․Սարգսյանն ու նախկին ԿԳ նախարար Ա․Աշոտյանը), այնուհետև ուսուցիչն ինքն էր իր գրպանից հոգում թե՛ իր ճանապարհածախսը, թե՛ օրապահիկը և թե՛ դասընթացի ընթացքում գործնական կամ ուսումնական նյութեր ունենալու խնդիրը։ ՀՀ «Հանրկարթության մասին» օրենքում կա հոդված, որը հստակ ամրագրում է, որ գործուղվող ուսուցչի ճանապարհածախսը հոգում է ուսումնական հաստատությունը։ Սակայն ամենատարբեր պատճառաբանություններով այս հարցն այդպես էլ չլուծվեց, չնայած դա դպրոցի համար առանձնապես ծանր ֆինանսական բեռ չէր։ Եվ երկրորդ, շատ էին դժգոհություններն առ այն, թե ատեստավորման գործընթացը պետք է գործիք հանդիսանա ուսուցչի աշխատանքը խրախուսելու, նրա վաստակը գնահատելու և ինչպես նաև աշխատավարձը բարձրացնելու համար։ Այս խնդիրների լուծման համար ներդրվեց տարակարգի ինստիտուտը, ինչը որոշ չափով օգնեց պրպտող ուսուցչին քայլ անել ու գնալ տարակարգի։ Սակայն, գործող տարակարգի 3-րդ և 4-րդ աստիճանները անհաղթահարելի էին ուսուցիչների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն արդյունավետ խրախուսման գործիք կամ միջոց անվանելը ,մեղմ ասած, սխալ էր։ Դրանք ոչ թե ուսուցչին մոտիվացնելու, այլ հակառակը, խանգարելու պայմաններն էին՝ նման հայտնի խաղ <<Ֆորտ բոյարի>> արգելքներին։

Այս ամենն հաշվի առնելով կրթության պետական լիազոր մարմինը մշակել է ատեստավորման նոր կարգ՝ կամավոր ու պարտադիր հիմունքներով, որը շատ ավելի մեծ ու ռեալ հնարավորություններ է ստեղծում ուսուցչի համար, քան նախորդը՝ տալով նաև հստակ մոտիվացիա։

Այս մասին առաջիկայում կգրեմ կամ կխոսեմ ավելի մանրամասն։

2/ Պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներից այն սովորողների խնդիրները, որոնք այս տարի դիմորդ են։

ՀՀ ոլորտային օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում և օղակներում ունի ճկուն մեխանիզմներ՝ թե ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցման, թե մասնակի փոխհատուցման, թե որոշակի արտոնություններ տրամադրելու, թե լրացուցիչ տեղեր հատկացնելու, թե որոշ դեպքերում դիմորդին ընդառաջելու առումներով։ Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մեր հայրենակիցների դժվար կացության մեջ հայտնվելը, այս տարի միայն նրանց համար կգործեն լրացուցիչ արտոնություններ։ Փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում առաջարկներ եմ արել, որոնք դրական արձագանքի են արժանացել և իրատեսական են ։ Թե Հադրութից, թե Շուշիից, թե մյուս օկուպացված համայնքների դիմորդները կարող են դիմել ՀՀ գործող տարբեր միջին մասնագիտական, արհեստագործական ուսհսատատություններ, ինչպես նաև բուհեր։ Մնացած կարգավորումները Կառավարության որոշումների տեսքով առաջիկայում կներկայացվի հանրությանը։

3/ Ամառային ճամբարների գործունեության կարգը։

Ինչպես գիտենք, քովիդով պայմանավորված նախորդ տարի ճամբարներն այդպես էլ չբացվեցին։ Որոշ դեպքերում դրանք դարձել են կեցության վայրեր, ուր ապաստանել էն Արցախի մեր հայրենակիցները։ Պատերազմի ու դեռ մոլեգնող համավարակի պայմաններում վստահ խոսել , թե այս տարի ամառային ճամբարներն անպայման գործելու են, ռեալ չէ, ինչպես նաև հղի է ամենատարբեր վտանգներով։ Այս պահին նախարարությունը դեռ չունի հստակ դիրքորոշում այս հարցի շուրջ, ամեն բան կապված է նախ համավարակի տարածման տեմպերի, ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսումնական տարվա ավելի երկար լինելու հետ։

4/ Հանրակրթական ուսհաստատություններում կրթության գործընթացը 5-օրյա կամ 6-օրյա ռեժիմով կազմակերպելու հարցը։

Այս կարգավորումը ուղիղ դպրոցի գործունեության տիրույթում է , այսինքն՝ որոշում է տվյալ ուսհաստատությունը, օգոստոսյան առաջին մանկխորհրդի ընթացքում ուսուցման՝գործընթացը կազմակերպել 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գործում է արտակարգ կամ ռազմական դրությունը։ Կառավարությունը նաև փոփոխություն է կատարել խնդիրը կարգավորելու համար 2021 թ-ի հունվար ամսին։ Քանի որ այս պահին ՀՀ-ում չկա ոչ արտակարգ, ոչ ռազմական դրություն, նաև հաշվի առնելով ԱՆ պայմանները քովիդի տարածման դեմ և դրա կանխարգելման համար նախատեսված միջոցառումները բացառապես դպրոցն է որոշում թե հեռավարի անցնել-չանցնելու, թե 5-օրյա կամ 6-օրյա ռեժիմի հարցերը։

5/ Դպրոցներում ուսուցչի օգնականների գործառույթներն ու վերապատրաստման դասընթացները։ Տմակներ և տնային ուսուցման հարցեր։

Դպրոցներում նոր հաստիքի՝ ուսուցչի օգնականի ինստիտուտի ներդրումը մի կողմից օգնում է ուսուցչին, մյուս կողմից դեռևս միանշանակ հստակեցված չեն նրա գործառույթները։ Հաշվի առնելով նաև բազային կրթության հիմքով ընդունելությունները, ունենք տարբեր իրավիճակներ ու տարբեր պատրաստվածության մակարդակ այս հարցում։ Ուսուցչի օգնականի կարողություններն ու հմտությունները բարձրացբելու, ինչպես նաև տեսական գիտելիքներն ավելացնելու նպատակով մայիս-հունիս ամիսներին, ըստ ԿԳՄՍ -ի, կանցկացվեն վերապատրաստման դասընթացները։ Առանձին խոսակցության թեմա են տնային ուսուցումն ու ՏՄԱԿ-ների ոչ էֆեկտիվ գործունեությունը, որոնց շուրջ նույնպես առաջարկներ եմ արել ոլորտը համակարգող փոխնախարարին։ Դրանք նույնպես ընդունվել են։

6/ Բազմահամակազմ դասարաններ։

Այս խնդիրը մեր կրթության ոլորտի առջև ծառացած ամենալուրջ հարցն է, այս մասին կլինի իմ հաջորդ մեծ գրառումը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել