Պետական գաղտնիքի պահպանումը

Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման` օրենքով նախատեսված միջոցներ:

Անձինք, որոնց քրեական հետապնդման մարմինն առաջարկում է օրենքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող, վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ քրեական հետապնդման մարմնի կողմից նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող, հարցաքննության կամ այլ համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

Պետական գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված քրեական գործերով վարույթը հանձնարարվում է այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված դատավորներին, դատախազներին, քննիչներին, հետաքննության մարմնի աշխատակիցներին:

Պաշտպանները և մյուս ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պաշտպանը և մյուս ներկայացուցիչը, բացի օրինական ներկայացուցչից, զրկվում են քրեական դատավարությանը մասնակցելու իրավունքից, իսկ մյուս անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն ստանում: Չհրապարակելու մասին դատավարության մասնակցի տված պարտավորությունը նրան չի խոչընդոտում միջնորդելու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հետազոտել դռնփակ դատական նիստում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել