«Գնաճով զբաղվում է Կենտրոնական բանկը, իրենց կանխատեսումներով մինչև տարեվերջ գնաճը կվերդառնա իր նորմալ թիրախային մակարդակին, այսինքն կլինի 3-5 տոկոսի շրջանակներում»,-այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը այս պարագայում պետք է հնարավորության սահմաններում սոցիալապես խոցելի խմբերին աջակցի փորձի այնպես անել, որ տնտեսական աճը արագ վերականգնվի, որովհետև ապրանքների գների վրա պետությունը ուղիղ ազդեցություն չունի:
Պատգամավորն ասաց, որ իրենց 3 տարվա կառավարման ժամանակ այդպես էլ չտեսան խոստացված տնտեսական բումը. «2019 թվականին տնտեսական աճ եղավ, բայց երկարաժամկետ ու լուրջ ներդրումների համար ժամանակ էր պետք: Ըստ էության մենք միայն մեկ տարի ենք անցնցում տարի ունեցել, անգամ մեր քննադատներն են ասում, որ 2019 թվականը բավականին լավ տարի էր: 2020 թվականը կորուստ էր, բում չեղավ»,-նշեց նա:
Բաբկեն Թունյանն ասաց, որ դեռ չի հետաքրքրվում ընտրացուցակներով և այն ժամանակահատվածը, որը դեռ ունի, փորձելու է հնարավորինս էֆեկտիվ աշխատել. «Ինձ այս պահին ամենաքիչն ընտրացուցակներն են հետաքրքրում»,-հավելեց նա: