Հայաստանի ապահովագրողների բյուրոն հայտնում է․
«Հարգելի ապահովադիրներ և վարորդներ, hիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 24-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների կողմից կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացվեն ապահովագրական հատուցման դիմումը կարգավորող (բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը դիմումատուին ծանուցած) ապահովագրական ընկերության միջոցով։
Հիշյալ ապահովագրական ընկերությունը կրկնակի փորձաքննության պահանջ ներկայացրած անձի կողմից նման պահանջ ներկայացնելու իրավասության առկայության և ներկայացված փաստաթղթերի ամբողջականության ստուգումից հետո նույն օրվա ընթացքում դիմումը և այլ փաստաթղթերն ուղարկում է Բյուրոյին։ Ուստի, եթե համաձայն չեք ապահովագրական հատուցման որոշմանը և ցանկանում եք բողոքարկել փորձաքննության արդյունքները, ապա կրկնակի փորձաքննության համար խնդրում ենք դիմել փորձաքննության արդյունքները Ձեզ ծանուցած նույն ապահովագրական ընկերությանը՝ վերջինից ճշտելով նաև այն հաշվեհամարը, որին պետք է կատարվի կրկնակի փորձաքննության դիմաց վճարումը։ Կրկնակի փորձաքննության նշանակման համար դիմելու ժամկետներին, վճարման չափին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կրկնակի փորձաքննություն և լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել առավելագույնը մեկական անգամ` համապատասխան փորձաքննության արդյունքների առաջին անգամ (ներառյալ առաջին անգամ ծանուցված արդյունքների ճշգրտման) ծանուցումը ստանալուց հետո՝ համապատասխանաբար 5 (կրկնակի փորձաքննության դեպքում) կամ 2 (լրացուցիչ փորձաքննության դեպքում) աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ հիշյալ ժամկետների հաշվարկն սկսվում է համապատասխան ծանուցումը Ձեր պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեին (որպես կանոն, դա Ձեր ԱՊՊԱ պայմանագրի վկայագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեն է, որը մշտապես կարող եք փոփոխել) ուղարկելու հաջորդող օրվանից»։