Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացրել են նախարար Վահրամ Դումանյանի 100-օրյա պաշտոնավարման արդյունքները.
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտ
- Ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
- Լրամշակվել և շրջանառության մեջ են ՀՀ կառավարության որոշումների համապատասխան նախագծերը, որոնցով նախատեսված են բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում, ինչպես նաև 2021/2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մուտքային պահանջների հստակեցում (դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական քննություն):
- Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Կհստակեցվեն նախատեսվող 7 որակավորումների ոլորտային շրջանակները, և կկազմվեն համապատասխան աշխատանքային խմբեր՝ ուսումնառության վերջնարդյունքների հիմքով բնութագրերը մշակելու համար:
- Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին, մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում: Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ /590 440.6 հազար դրամ/:
- «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հետ համագործակցությամբ նախաձեռնվել է բուհերում անվճար տեղերի բաշխման ուսումնասիրությունը, որի հիման վրա կվերանայվի ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ տեղերի քանակն ըստ պետության կարիքի, ռազմավարական թիրախների, աշխատաշուկայի ներկայիս և ապագայի պահանջների: Ուսումնասիրության արդյունքները պետական քաղաքականության հիմքում կներդրվեն 2022-2023 ուսումնական տարվանից:
Անցկացվել է Լավագույն ուսանող մրցույթը, որի շրջանակում 2020 թ․-ի արդյունքներով հաղթող ճանաչված 38 ուսանող պարգևատրվել է հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով հրատարակված գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ` 415.000, 2-րդ տեղ՝ 305.000 և 3-րդ տեղ՝ 220.000 ՀՀ դրամ: