«Դիտավորյալ մեր երեխեքին տվել են թուրքին». զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ում էին

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ մարտի 31-ին, եղել են Ազգային ժողովում:

«Ավելի լավ է իմանամ իմ երեխան ադրբեջանցիների ձեռքն ա, քան թե Գոռ Իշխանյանի, որովհետև ինքը դիտավորյալ վերացրել ա երեխաներին: Երեխաները շատ բան են իմացել, վիճել են, թե ինչի համար են իրենց գրավյալ տարածքներ տարել առանց ուղեկցողի: Այս պահին Գոռ Իշխանյանը փախած է ծնողներից, հեռախոսահամարն է փոխել, որ չզանգենք, չանհանգստացնենք, ինչքան իմ սիրտը բաբախի ինքն իմ հետ հարց է ունենալու, որովհետև ինքն իմ թանկին տարել ա»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածներից մեկի հայրը:

Ծնողների խոսքվ՝ Գոռ Իշխանյանը եղել է գնդի հրամանատարը, ում մասին իրենց ներկայացուցիչը տեղեկություններ է հայտնել իրավապահ մարմիններին, բայց դեռ արձագանք չկա:

Ծնողները վստահ են, որ իրենց երեխան հայտնվել է ռազմական ոստիկանությունում և անհետացել.

«Եթե ուրախությունով իմ երեխան ինձ հասնի, ես այս երկրի ամեն մի սանտիմետրի վրա թքելով կգնամ երկրից, եթե իմ երեխայի գլուխը կերած ինձ հասնի՝ ես կգնամ այնտեղ, որտեղ՝ իմ երեխան է»,-ասաց անհետ կորածներից մեկի մայրը:

Նա նաև նշեց, որ Գոռ Իշխանյանին ասել է, թե ինչ տեղեկություններ ունի իր երեխայից, Իշխանյանը պատասխանել է՝ այդ վաշտից հնարավոր չէ ինչ-որ մեկից տեղեկություն ունենալ:

«Դիտավորյալ մեր երեխեքին տվել են թուրքին: Հայի ձեռքով վաճառել են թուրքին»,-ասում են ծնողները:

Նրանք նշում են, որ 4-5 հոգի են այս գործում մեղավոր. «Այդ ժամանակ ՊԲ-ի հրամանատարն է եղել Ջալալ Հարությունյանը, Գոռ Իշխանյանը, Կարեն Առուստամյանը և ՊԲ շտաբի պետը՝ Կամո Վարդանյանը. բերեք տեսնենք ով է մեղավոր»,-ասաց ծնողը:

Նրանք նշում են, որ գործը ձգձգում են, որ ծնողներն էլ պառակտվեն, հետամուտ չլինեն և մոռացվի:

Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրն ասաց, որ էլ կորցնելու ոչինչ չունի, դիմելու է հնարավոր և անհնարին բոլոր քայլերին:

Զոհված զինծառայող Արտյոմ Կիարակոսյանի հայրը՝  Արթուր Կիրակոսյանը լրագրողներին ասաց, որ վերջին անգամ իր տղայի հետ խոսել է հոկտեմբերի 9-ին: «Ինադու ասել են չխոսեք, որ ծնողները չելնեն գնան Ղարաբաղ ու տեսնեն, թե ինչ սպանոցի է: Ես ունեմ վկա, ով լսել է, թե Գոռ Իշխանյանն ինչպես է ռացիայով երեխաներին խաբել, ասել՝ տանում ենք պահեստներ և տարել են գրավյալ տարածք»,-ասաց նա:

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասաց, որ իրեն էին դիմել անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները և խնդրել, որ իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը հասկանան ինչ ընթացք ունի, որովհտև նրանք կասկածում են, որ հարուցված քրեական գործերի քննություն տեղի չի ունենում:

«Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի այդ գործերը, այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք քրեական կամ քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում: Եթե այս մարդիկ ուզում են, որ այդ գործերը ԱԱԾ-ն քննի, ի՞նչ է պատահել, թող ԱԱԾ-ն քննի և հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա: Շատ հարցականներ կան, բազմաբնույթ, որ ուղղակի քննությունը անհրաժեշտ է»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ընտրություններ են կազմակերպվում, վերամբարձ խոստումներ են տրվում, բայց տարրական քննություն չի անցկացվում, որպեսզի ծնողները հասկանան, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց երեխաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել