Մատենադարանը հերքում է Վարդան Ղուկասյան անունով օգտատիրոջ տարածած տեղեկությունը

Մատենադարանի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է Մատենադարանից արաբատառ ձեռագիր մատյանների անհետանալու եւ վաճառվելու մասին լուրը։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2020թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել. Մատենադարանի պահոցներից ձեռագրերը 2018թ. չեն տարհանվել։ Մատենադարանի պահոցն այնպիսի հարկում եւ ապահով վայրում է տեղակայված, որ որևէ շինարարական աշխատանքի պարագայում ձեռագրերը պահոցներից դուրս բերելու անհրաժեշտություն չկա։

Մատենադարանի ձեռագրերը որպես կանոն թերթակալվում են, մատիտով յուրաքանչյուր թերթի վրա նշվում է համարը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ձեռագրերը թերթակալված չեն, ինչը վկայում է, որ դրանցում Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերը չեն ներկայացված։ Մատենադարանի ձեռագրերը պարբերաբար գույքագրվում և հաշվառվում են (վերջին գույքագրումը՝ 2019թ.) և ամբողջությամբ գտնվում են Մատենադարանում։ Առ այսօր որևէ կորուստ չի արձանագրվել։
Ավելացնենք նաև, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ստեղծման օրվանից միայն համալրվել է»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել