ՔՕ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։

Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացվել է դատախազ Գևորգ Բաղդասարյանի գրությունը, որով խնդրել է հետաձգել դատական նիստը. «2021 թվականին մարտի 29-ի երեկոյան, հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է տվյալ որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխան խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր: Խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել 2021 թվականի ապրիլի 6-ին»,-նշված էր գրության մեջ:

Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել