ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը «Մարտի 1-ի» գործով նիստի ժամանակ հայտարարեց, որ իր պաշտպանյալի գույքի վրա արգելանք կա դրված, ինչպես նաև կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը․ «Մենք ակնկալում էինք, որ այսօր արդարացման դատական ակտը կլինի և խափանման միջոցը կվերացվի, իսկ դատախազները չեն եկել»։
Նա նաև հայտնեց, որ ինքը և Օհանյանի մյուս պաշտպանը, Ինեսսա Պետրոսյանը ապրիլի 3-ից հանրապետությունում չեն լինելու, վերադառնալու են 13-ին․ «Դատարանը այս պայմաններում պետք է անցնի որոշում կայացնելու, գոյություն չունեցող 300․1 հոդվածի մասիով գործի վարույթը կարճելուն»։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը։
Որոշման համաձայն՝ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։
Ռոբերտ Քոչարյանին և մյուսների քրեական գործով դատախազները այսօր չեն ներկայացել դատական նիստին։ Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացվել է դատախազ Գևորգ Բաղդասարյանի գրությունը, որով խնդրել է հետաձգել դատական նիստը. «2021 թվականին մարտի 29-ի երեկոյան, հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է տվյալ որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխան խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր: Խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել 2021 թվականի ապրիլի 6-ին»,-նշված էր գրության մեջ:
Դատական նիստը հետաձգվեց, հարցին դատարանը կանդրադառնա ապրիլի 2-ին։