34-ամյա տղամարդ է սպանվել․ Քննչական կոմիտեն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2021թ. մարտի 23-ին՝ ժամը  10.50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն»  ՓԲ ընկերությունից ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և դաստակների շրջանում  հրազենային վնասվածքներով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակից հիվանդանոց է տեղափոխվել  նույն քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի զննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել