Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի:
Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման: