ԿԳՄՍՆ․ Հայաստանի ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով:

9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», «Արվեստ և դիզայն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել