Քրեական դատավարության օրենսգրքում կատարված լրացումներ և փոփոխություններն արդեն գործում են

Քրեական դատավարության օրենսգրքում որոշակի լրացումներ և փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 20-ից։

Փոփոխության համաձայն` օրենսգիրքը լրացվել է  24.1-ին գլխով, որի 174.6 հոդվածի համաձայն սահմանվել է ծանուցման պատշաճությունը:

Համաձայն հոդվածի՝ ծանուցումը համարվում է պատշաճ, եթե՝

  • թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
  • թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
  • թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
  • թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.
  • առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում
  • դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.
  • ծանուցվողը քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը:

Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ:

174.4 հոդվածը վերաբերում է ծանուցագիրը հանձնելուն: 

Համաձայն որի, ծանուցագիրը հանձնվում է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե քննչական կամ այլ դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:

 Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով, կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրն ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով: Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին: Թղթային ծանուցագրի՝ ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմին:

Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:Էլեկտրոնային ծանուցագիր ուղարկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը քրեական գործին է կցում էլեկտրոնային հաղորդագրությունը, ինչպես նաև ստանալու մասին հավաստումը:Էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել