Օրենքով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սահմանված ձևով դիմում-հայտարարություն, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:
Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սահմանված ձևի արտոնագիրը:
Ընդ որում օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կատարել է արտոնագրային վճարի վճարում:
Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սահմանված ձևի արտոնագիրը:
Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կատարել է արտոնագրային վճարի վճարում:
Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի համար տրվում է մեկ արտոնագիր:
Որևէ ժամանակահատվածի համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր չի տրամադրվում:
Աղբյուրը` Իրավաբան.net