Վստահում եմ նախագահին, հավատում եմ նախագահին․ Սերժ Սարգսյանի աջակից

Եկել ենք այստեղ ՀՀ 3-րդ նախագահին աջակցելու։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի բակում, Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանի աջակից Տիգրան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ գործը շինծու է, գործող իշխանությունները անում էին ամեն ինչ՝ Արցախի հետ կապ ունեցող գործիչներին, Արցախի հերոսներին չեզոքացնելու համար։ Դրանցից մեկն էլ Սերժ Սարգսյանն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սերժ Սարգսյանը դատարանի բակում ավելի վաղ հայտարարել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ կուսակիցներ,

Երկու տարի առաջ «թխվեց, կարվեց» մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, և գործն ուղարկվեց դատարան:

Հիշում եք՝ անցյալ տարի, հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ «դիզելի գործի» մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին. ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք` ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները: Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին. կային շատ ճչացող ապօրինություններ: Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան: Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ` հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը:

Եվ այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել: Ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի: Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է` լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը:

Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլ ճանապարհ չկա: Այլընտրանք չկա:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ կուսակիցներ,

Այս երեք տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար:

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ապացուցել եմ` ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել:

Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր սատարման համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այստեղ գտնվելու համար և ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական նիստի ավարտը, որովհետև մեզանից յուրաքանչյուրը, հատկապես այս իրավիճակում, ունի նաև բազմաթիվ այլ գործեր:

Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին գոչենք. Կեցցե՛ Հայաստանը:

Շնորհակալ եմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել