Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
Փաշինյանը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:
Նշվում է, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է:
Փոստանջյանն ասել է․ «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»: