Հայաստանում այս պահին Covid19-ի «AstraZeneca» պատվաստանյութ չի կիրառվում։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ բանակցություններ են վարվում դրանց ձեռքբերման համար, քանի որ ամբողջ աշխարհում «AstraZeneca»-ով պատվաստանյութեր կիրառվում են, կասեցումներ եղել են որոշ երկրներում, որոշ խմբաքանակների վրա։ Այժմ Հայաստանում այդ պատվաստանյութից չկա, բայց չի բացառվում, որ դրանք կպատվիրվեն։
Ինչ վերաբերվում է «Sputnik V» պատվաստանյութին՝ նախարարը նշեց․ «Պատվաստումները արդեն սկսվել են և մենք իրականացնում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ, այո, դեռ փոքր քանակներով, բայց ընթացքի մեջ է և մեր կովիդ մի շարք կենտրոնների մի շարք բուժաշխատողներ պատվաստվել են»։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հետպատվաստումային հսկողություն նախարարությունը ևս իրականացնում է, որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չի գրանցվել։
Այժմ 12 բուժհաստատություն կենտրոնացված է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում