Կառավարությունը հաստատեց զինծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը մարտի 18-ին ընդունեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշումը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, և առհասարակ, զինվորական ծառայության ժամանակհաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավուքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ծրագրի նպատակն է ապահովել  զինվորական ծառայության ժամանակհաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ զբաղվածության, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների համալիր իրականացման միջոցով:

Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:

Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետևանքով զինվորական կապով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց գերակշիռ մասը՝ 94.2%-ը աշխատանքային տարիքի է: Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանք վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում՝ Հայրենիքի պաշտպանի, Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական և մի շարք այլ բժշկական կենտրոններում: Սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։ Այս թիվը համալրում են նաև նախորդ տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների, և ընդհանրապես զինծառայության ժամանակ վիրավորում կամ վնասվածք ստացած հաշմանդամություն ունեցող անձինք։
  2. Ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության ու հաղորդակցության ոչ մատչելի լինելը, խտրականության տարբեր դրսևորումների առկայությունը (այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմների ոչ բավարար լինելը նպաստավոր պայմաններ չեն կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ունենալու համար: Բացի այդ, բավարար չեն նաև այնպիսի սոցիալական ծրագրերը, որոնք կապահովեն նրանց թե՛ առողջության, թե՛ սոցիալ-հոգեբանական, աշխատանքային ունակությունների վերականգնումը, զբաղվածության ապահովումը և մատչելիությունը:
  3. Թեև որոշ իրավական ակտերով սահմանված են միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, մասնավորապես զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:
  4. Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց` մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում՝ սոցիալական իրավունքները:
  5. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը, նրանց կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը, զբաղվածության խնդիրների կարգավորումը խաղաղ պայմաններում կարող է ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ուղղակիորեն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա:

2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  1. Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 01.2021 թվականի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79% աշխատանքային տարիքի են: Միաժամանակ, 16․02․2020 թվականի դրությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝   70 անձի 1-ին խումբ,  147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։
  3. 2018 թվականից Երևանում գործում է Հայրենիքի պաշտպանի վերակագնողական կենտրոնը, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: Կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Կենտրոնում վնասվածքներ ունեցող զինծառայողներ ստանում են վերականգնողական ծառայություններ, այդ թվում՝ իրականացվում են կրթական, աշխատանքային հմտությունների զարգացման որոշակի ծրագրեր:
  4. Վերականգնողական ծառայություններ են մատուցվում նաև Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, մասնավորապես, իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:
  5. Առկա կենտրոններն առավելապես մատուցում են բուժական-վերականգնողական ծառայություններ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում՝ պետության ֆինանսական աջակցությամբ) սոցիալական ներառման առումով խնդիրները լուծում են մասնակի: Ամբողջական չէ հաշմանդամություն ձեռքբերած անձին անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ վաղ միջամտության, շրջանակը։ Մասնավորապես, բաց են խնամքի (տնային խնամք, ամոքիչ բժշկական օգնության), կենցաղային սպասարկման, մասնագիտացված սոցիալական աշխատանքի, զբաղվածության և տնտեսական գործունեության, ֆիզիկական միջավայրի (աշխատավայր, բնակարան) հարմարեցման, կենսական հմտությունների ձեռբերման և ազատ ժամանցի կազմակերպման հարցերը։
  6. Կախված անհատի տարիքից, սեռից, առողջական հիմնական և ուղեկցող խնդիրներից (այդ թվում՝ ծանրության աստիճանից և բնույթից), մարզական վիճակից, ապրելակերպից, հարմարվողականության մեխանիզմներից, կրթությունից, մասնագիտությունից, անցյալ և ներկա փորձից, ընդհանուր վարքագծից պետք է որոշարկվեն և մատուցվեն այն բոլոր ծառայությունները, որոնք կաջակցեն ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հասնելու ֆունկցիոնալության և անկախ կյանքի կազմակերպման հնարավոր առավելագույն շեմին:

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:
  2. Ծրագրի խնդիրներն են՝
  • զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից.
  • գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում.
  • անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում.
  • համայնքների ակտիվ մասնակցություն շահառուների խնդիրների կարգավորմանը.
  • հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը ներառական հասարակություն ձևավորելու գործընթացներում.
  • հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորում և իրականացում․
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում:

4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

  1. Ծրագրի շահառուներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած՝
  • շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.
  • ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.
  • զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.
  • կամավորականները:
  1. Ծրագրի իրականացման ժամանակ առաջնահերթությունը կտրվի սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված շահառուներին, այնուամենայնիվ, ծրագրով նախատեսված ծառայությունների հզորացման պարագայում, որպես շահառու կդիտարկվեն նաև այլ պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած անձինք։

5. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու հիմնական ուղղություններն են`

1) սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝

ա. կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում,

բ. շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ,

գ. անձնական օգնականի ծառայություն,

դ. ուղեկցողի (հետևողի) ծառայություն,

ե. խնամք, այդ թվում՝ աջակցություն դեղորայքի ընդունման, ստոմայի, կաթետերի, տրախեոտոմիայի խնամքի և զոնդով կերակրման համար,

զ. կենցաղային սպասարկում (առևտրի կազմակերպում, սննդի պատրաստում, մաքրություն),

է. խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին,

ը. անձի զարգացում, մենթորություն, մոտիվացիայի ձևավորում, առողջ ապրելակերպի խրախուսում, սոցիալական հարաբերությունների ձևավորում, ինքնօգնության և փոխօգնության հմտություններ,

թ. բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն,

ժ. աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում,

ժա. հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և թարգմանության ծառայություն,

ժբ. տարածական կողմնորոշման և շարժունակության դասընթացներ,

ժգ. ջատագովության և ակտիվիզմի կարողությունների զարգացում,

ժդ. իրավական կրթություն և խորհրդատվություն,

ժե. հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ (անհատական, խմբային, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման միջոցով):

2) Զբաղվածութան ապահովման ծառայություններ՝

ա. Հաշմանդամություն ունեցող անձանց համար՝

  • աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ,
  • շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում,
  • շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում,
  • անհատական և խմբային աշխատանքներ՝ շահառուի աշխատանքային մոտիվացիայի, զբաղվածության, ձեռներեցության և կարիերայի, այդ թվում՝ նպատակի սահմանման, կարիերայի պլանավորման, հաղորդակցման, ժամանակի կառավարման, աշխատանքային կենսագրական կազմելու, ինքնաներկայացման և այլ հմտությունների զարգացման ուղղությամբ,
  • խորհրդատվություն և քոուչինգ մասնագիտության ընտրության, վերամասնագիտացման, կարիերայի փոփոխման կամ զարգացման, անձնային աճի նպատակով, տեղեկատվություն կրթության և ուսուցման վերաբերյալ, աշխատանքային գործունեության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերի մասին, ուղղորդում շահառուին ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում,
  • կարճաժամկետ մասնագիտական ուսուցումների կազմակերպում՝ շահառուի գնահատված կարողությունների, հմտությունների և գործատուի մասնագիտական պահանջարկի համադրման արդյունքում,
  • գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում, ըստ անհրաժեշտության (զբաղվածության պետական ծրագրի շրջանակում և/կամ համայնքների աջակցությամբ),

բ. Գործատուների համար՝

  • մատչելի աշխատանքային միջավայրի, քաղաքականությունների և աշխատանքային գործելակերպերի վերաբերյալ դասընթացների տրամադրում և խորհրդատվություն, կարճաժամկետ աջակցություն գործատուներին (մատչելիության գնահատում, խելամիտ հարմարեցումների խորհրդատվություն), հավասարության և բազմազանության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվություն,
  • ներառական թիմի ձևավորման աշխատանքներ։

3) Սոցիալական ձեռնարկատիրության խթանում, որն ընդգրկում է՝

ա. սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների հզորացում,

բ. սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելների ներդրում՝ ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության,

գ. աջակցություն սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն,

դ. սոցիալական ձեռնարկությունների գործունեության սոցիալական ազդեցության գնահատում:

4) մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայություններ, որն ընդգրկում է՝

ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում,

բ. մշակութային, սպորտային և համայնքային այլ միջոցառումներին մասնակցության համար մատչելի պայմանների ապահովում,

գ. մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու համար բարենպաստ պայմանների ապահովում,

դ. ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդնում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ,

ե. անվտանգության ահազանգման համակարգերի հասանելիության և դրանց կիրառման խթանում,

5) Հանրային իրազեկման բարձրացում, որն ընդգրկում է՝

ա. իրազեկման գործիքների ստեղծում (տեսահոլովակներ, կայքէջերում մատչելի ձևաչափով տեղեկատվություն, հաջողված պատմություններ, քննարկումներ համայնքի, տարբեր գերատեսչությունների մասնագետների, ՀԿ-ների, գործատուների, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ),

բ. քարոզարշավի իրականացում,

գ. վերապատրաստումների, դասընթացների կազմակերպում:

          17․ Սույն որոշմամբ նախատեսված զինվորական ծառայության ժամանակ  հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

          18․ Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում անհրաժեշտ է ներգրավել նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:

6. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  1. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում կիրականացվի շարունակական մշտադիտարկում: Մշտադիտարկման շղթան ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝
  • իրազեկման գործընթացի մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը,

բ. իրազեկման գործիքների և միջոցների ընտրության գործընթացը,

գ. հասարա­կության վերաբերմունքի և վարքագծի փոփոխությունը:

  • ծառայությունների մատուցման գործընթացների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. ծառայություն ստացող շահառուների թիվը,

բ. աշխատանքի ընդունված շահառուների թիվը,

գ. բարձրագույն կրթական հաստատություն ընդունված շահառուների թիվը,

դ.նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված շահառուների թիվը,

ե. շահառուների և նրանց ընտանքիների գոհունակությունը ծառայությունից,

զ. շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակի փոփոխությունը,

է. շահառուների անկախ կյանքով ապրելու հնարավորությունը, ֆինանսական անկախությունը,

ը. շահառուներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը:

  • մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. համապատասխան մասնագետներով ապահովվածությունը,

բ. ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների միջև տեղեկատվության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը,

գ. մասնագետների վերապատրաստումները և դրանց արդյունքները:

  • ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական զինվածության մշտադիտարկում։
  1. Մշտադիտարկումն ու գնահատումը կիրականացվի անկախ փորձագետի կողմից՝ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:
  2. Մշտադիտարկման և գնահատման արդյունքում, վեր հանված խնդիրների հիման վրա առաջարկություններ են ներկայացվում N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների  պատասխանատու կատարողներին։
  3. Մշտադիտարկման և գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծրագրի կատարելագործման և բարելավման համար։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել