Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։
Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին տրամադրվում է համապատասխան կարգավիճակ։
Կարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող հետևյալ փաստաթղթերը․
Դիմում և մարտական գործողությունների մասնակցի 2×3 սմ չափսի 3 լուսանկար,
Անձի, որի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու նպատակով, զինվորական ծառայության մեջ չգտնվելու ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր,
Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը։ Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը։
Մարտական ուղի՝ տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները,
Մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթեր։
Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերն ընդունելու և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն մատուցելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակում ձևավորված է աշխատանքային խումբ (հասցե՝ ք․ Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փող․ 1, Կառավարության շենքի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 204 սենյակ)։
Տեղեկատու հեռախոսահամարներ (աշխատանքային ժամերին)՝
047-97-44-14, 047-97-44-46։
Կառավարության վերը նշված որոշմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: