Տիրան Խաչատրյանը ոչ աշխատանքից ազատված է, ոչ արձակուդում, ոչ էլ աշխատանքի մեջ է, չափազանց անհստակ մի իրավիճակ է. Վարուժան Ավետիքյան

Տիրան Խաչատրյանի փաստաբանը՝ Վարուժան Ավետիքյանը, նոր փաստաթղթեր է ներկայացրել Վարչական դատարան:

«Նախագահի հրամանագիրը, որով Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է պաշտոնից, մենք՝ որպես նրա շահերի ներկայացուցիչ, դիմել ենք դատարան վիճարկման հայցով և խնդրել են, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը, որովհետև մեր վստահորդի և մեր կարծիքով այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով»,-այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Վարուժան Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել գործը. «Հաշվի առնելով Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը, եթե վիճարկման հայցը դատարանը վարույթ է ընդունում, ապա օրենքի ուժով դա կասեցվում է, այսինքն այդ ակտի կատարումն ապահովող որևէ այլ ակտ չի կարող ընդունվել»:

Իրավաբանը նշեց, որ երեկ են իմացել, որ Պաշտպանության նախարարն ընդունել է 2 հրաման, մեկը՝ փետրվարի 26-ին, որով հրամայել է գեներալ-լեյտենանտ Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ:

«Այնուհետև՝ մարտի 10-ին, արդեն մեր հայցադիմումը վարույթ է ընդունվում, ակտը կասեցվում է, նախագահի հրամանագիրը կասեցվում է և ի զարմանս մեզ, Պաշտպանության նախարարը մարտի 15-ին ընդունում է մեկ այլ հրաման, որով ետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից, այսինքն ուժը կորցրած է համարվում այն հրամանը, որով իրեն ուղարկել էին արձակուրդ, և հանձնարարում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին անձնակազմի ցուցակներից դուրս հանել պարոն Խաչատրյանին, սա ընդունվում է այն պարագայում, երբ որ ՊՆ պաշտոնյաները շատ լավ գիտեին, որ այդ ակտը կասեցված է»,-մանրամասնեց նա:

Վարուժան Ավետիքյանի նշեց նաև, որ դատարան է ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որով կփորձեն լրացուցիչ անօրինական ակտերի դեմն առնել:

«Այս գործով պատասխանողը հանդիսանում է ՀՀ նախագահը, քանի որ բուն ակտը նա է կայացրել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց միջնորդությամբ ՊՆ-ն ևս պետք է դառնա պատասխանող կողմ, իսկ վարչապետը կներգրավվի որպես 3-րդ անձ:

«Եթե ազատման հրամանը կասեցված է, ապա Տիրան Խաչատրյանը դեռ համարվում է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այժմ իրավական կազուս է, նա չի համարվում, ոչ աշխատանքից ազատված, ոչ արձակուդում, ոչ էլ աշխատանքի մեջ է, չափազանց անհստակ մի իրավիճակ է»,-ասաց փաստաբանը:

Նա ասաց, որ Վարչական դատարանից խնդրել են իրավական հիմքերը ներկայացնել, ըստ որոնց Տիրան Խաչատրյանն ազատվել է աշխատանքից. «Որպես պարոն Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, ես չգիտեմ ինչ հիմքով է ազատվել աշխատանքից և սա օրենսդրական կարևոր բացերից մեկն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել