Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա․ Փաշինյանը՝ հանրակրթության չափորոշիչների և առաջիկա փոփոխությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17-ին, քննարկում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

«Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու եւ հասկանալու առանձնահատկություն ունենան:
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ԿԳՄՍՆ-ում»,-նշել է նա։

Փաշինյանը խոսել է նաև ուսուցիչների աշխատավարձերի մասին՝ նշելով, որ սեպտեմբեր ամսից վճարման համակարգը կփոխվի։

«Մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ ըստ էության պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակարետներին և ընդ որում դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար, սեփական մասնագիտական վերապատրաստամն խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա և ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը։ Եվ մենք հիմա այս տարի սեպտեմբերից պատրաստվում ենք փոխել ուսուցիչների վճարման՝ աշխատավարձի համակարգը՝ հետևյալ տրամաբանությամբ․ հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով, սկզբնական շրջանում, կբարձրանա, հետագայում, համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում մենք այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ, ուսուցիչների ատեստավորման համակարգ»,-նշեց նա։

Վարչապետը խոսեց նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների, ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարի մասին։

«Եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով – ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու – ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»,-նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել