«Ավագ սերժանտ Պարույր Հակոբյանը ևս համալրեց անմահացած հերացիականների շարքը». Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բժշկի մասնագիտությունն ընտրած սովորողներն ու շրջանավարտները բժշկական բուհի մի մասնիկն են՝ ամուր կապերով կապված: Արցախյան վերջին պատերազմում զոհված Ստոմատոլոգիական ֆակուլտետի նախկին սովորող ավագ սերժանտ Պարույր Հակոբյանը ևս համալրեց անմահացած հերացիականների շարքը:

Նա ծնվել է 1990թ. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ծառայել է Արցախում, որից հետո` 2010 թվականին, անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետ: Պարույրը 2014 թվականին անձնական պատճառով ընդհատում է ուսումնառությունը, և որոշակի դժվարությունների պատճառով նրան չի հաջողվում կրկին վերադառնալ ակադեմիական միջավայր: Կուրսընկերները փաստում են, որ նա մշտապես ցանկացել է շարունակել ուսումը և մասնագիտանալ իր ընտրած ոլորտում: Բժշկի մասնագիտությունն ընտրած Պարույրն իր ուղին շարունակում է ՀՀ զինված ուժերում. 2017 թվականից 3 տարի ժամկետով պայմանագրային ծառայության է անցնում Արցախի ՊԲ Մարտակերտի N զորամասում: 2020 թվականի մայիսին նա կրկին երկարացնում է պայմանագիրը՝ նույն զորամասում շարունակելով ծառայել հայրենիքին:

Նախկին համակուրսեցի, մտերիմ ընկեր Արամ Հակոբյանը պատմում է, որ Պարույրն առանց վարանելու կանգնել է հայրենիքի սահմանները պաշտպանող զինակից տղաների կողքին՝ կատարելով մասնագիտական և հայրենքի առաջ իր պարտքը:

«Պատերազմի օրերին էլ, չնայած նրան, որ կրթությունը կիսատ էր թողել «դոկտոր» էին անվանում, քանի որ բացի զինվորական ծառայությունից նաև շատ ու շատ վիրավորների է բուժօգնություն ցուցաբերել»,- նշում է ընկերը՝ ավելացնելով, որ Պարույրը լինելով տարիքով ավելի մեծ՝ իրենց շրջապատի շարժիչ ուժն էր, մեծ ձգտում ուներ և ամեն ինչում փորձում էր լավը տեսնել:

Արամն ընդգծում է, որ պատարազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ, ընկերը մասնագիտական դաշտում էլ ծրագրեր էր նախանշել: «Պարույրը՝ Պաշը, ինչպես մենք իրեն անվանում էինք, իրական հերոս է: Մարտի դաշտում էլ իր զինակիցները աներևակայելի քաջագործությունների մասին են պատմում, ինչը շատ բնորոշ էր նրա էությանը»,- ասում է ընկերը՝ ԵՊԲՀ շրջանավարտ Նարեկ Հարությունյանը՝ հավելելով, որ զոհված ընկերոջ մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ նա լավ մարդու իրական օրինակ էր:

Զինակիցներն առ այսօր պատմում են Պարույրի նվիրվածության ու հայրենասիրության մասին: Դրա վառ ապացույցը նաև մեր օրերի հերոսի զոհվելու հանգամանքներն են: Լսելով ընկերոջ վիրավորվելու մասին լուրը՝ Պարույրը օգնություն ցուցաբերելու նպատակով հոկտեմբերի 29-ին առավոտյան ուղևորվում է վիրավոր ընկերներին դուրս բերելու, սակայն, ավաղ, զոհվում է անօդաչու թռչող սարքի հարվածից:
Պատերազմից երեք ամիս անց՝ հունվարի 21-ին, հաստատվում է Պարույր Հակոբյանի զոհվելու փաստը:
Խոնարհվում ենք զոհված հերոսների հիշատակի առաջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել