Մարտի 1-ի գործով նիստը կրկին հետաձգվեց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։
Նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով Սեյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին այս նիստին չներկայանալ։
Հաջորդ դատական նիստը նշանակելուց առաջ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Սակայն Դանիբեկյանը գտավ, որ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին և հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 23-ին, ժամը 13։00-ին։