Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 9-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միկրոավտոբուսային համար 36, 59, 18, 74 երթուղիների սպասարկման իրավունքը դադարեցվել է։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քաղաքապետարանից։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ, 10-րդ կետերով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 03.03.2021թ. հ.02/14-84722հ զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 36 երթուղու սպասարկման իրավունքը։
2․ Դադարեցնել «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ․հ․ 59, 18, 74 երթուղիների ժամանակավոր սպասարկման իրավունքը։
3․ Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 36 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:
4. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համարներ 36, 59, 18, 74 երթուղիների համար «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքված՝ երթուղիների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու¬թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ.Սարգսյանը»։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին որոշումների համաձայն էլ, դադարեցվել էր միկրոավտոբուսային համար 2, 24, 45 երթուղու սպասարկման իրավունքը։