Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ ժամանակ ժողովուրդն ում վստահում է, հավատում է, նրան էլ իր ձայնը կտա։ Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով նախագահի հրավերին՝ Ծառուկյանն ասել է, որ հրավերը ստացել են, բայց ծրագիրը, թե ինչի մասին են խոսելու, պարզ չի եղել։
«Եթե նա հարցադրումները կդնի ծրագրի մեջ, կետերը կդնի, որ գնանք, այս հարցի մասին ենք խոսելու, հանդիպենք, խոսենք, բայց հենց այնպես քննարկել, խոսելը ես հարկ չեմ համարում»,- ասել է նա։
Ծառուկյանը նշել է, որ ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն:
««Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ եմ հանդիպել, հանդիպելու եմ նաև Փաշինյանի հետ։ Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: