Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցով որոշումը: Բավարարվեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Նա ազատ արձակվեց։
«Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերի ընթացքում պայքարեցին արդարության և ճշմարտացիության համար»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը:
Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ-ում կատարվել է տոտալ անօրինականություն, մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավել գտնվել է անազատության մեջ:
«Ես սա որպես հաղթանակ չեմ դիտարկում, ես սա դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետև միանգամայն հանցագործության հետ որևէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել են և պահել են անօրինական կարգով քրեակատարողական հիմնարկում: Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքին որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացրել: