«Մեր վերջին հարցումները բնակիչներին ցույց են տվել, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել, Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ»,- ասյսօր՝ մարտի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ իրենք ուսումնասիրել են այն զենքի տեսակները որոնցով ադրբեջանական կողմը կրակում է ՀՀ սահմանների ուղղությամբ:
Նրա խոսքով՝ սահմանների որոշման գործընթացում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ՝ իրավունքների գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:
«Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ուժով սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, սա ոչ թե այլընտրանքային պահանջն է, սա պարտադիր պահանջ է, եթե այս հիմքը չպահպանվի ամբողջ գործընթացի իրավական ուժը տապալվում է միանգամից»,-ասաց Արման Թաթոյանը:
Նա շեշտեց, որ պարտադիր կիրառման ենթակա միջազգային սկզբունքներից են՝ հարգանք սահմանային բնակիչների արժանապատվության նկատմամբ ու նրանց պաշտպանված իրավունքները, սահմանային բնակիչնրի բնականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, հաշվետվողականություն, տեսանելիություն և բավարար տեղեկություններ ու իհարկե այս ամենը պետք է ապահովի հանձնաժողովային մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես, մասնագետների ներգրավմամբ՝ ինժեներներ, հողաշինարարներ, պատմաբաններ, տեղի բնակիչների հետ պարտադիր համագործակցություն:
«Մենք ուսումնասիրել ենք, իմ այցերը նաև վկայում են, որ Խորհրդային միության ժամանակահատվածում սահմանազատման, սահմանների գծման պրոցեսում այնպիսի մեթոդներ են կիրառվել, որոնց փաստաթղթերը պահպանված են և դրանք պետք է օգտագործվեն նաև հիմա»,-ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ Գեղարքունիքում և Սյունիքում առկա է մարդկային արժանապատվության կոպտագույն ոտնահարում, կյանքի իրավունքի իրական վտանգներ, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ, երեխաների շահերի կոպիտ ոտնահարումներ, սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:
Տեսանյութը՝ այստեղ