Տավուշում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են․ 502 դեպք՝ մեկ տարում

2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: 

Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն  ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ:

2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ: 

Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաև դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության և պատասխանատվության մեծացմանը:

2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար: 

Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս:

Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաև աշխատանքից ազատման տեսքով: 

Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում և նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու և տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման: 

2021թ. ևս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել