Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:
Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն»: