Վարչապետ Փաշինյանը մարտիմեկյան հանրահավաքին ելույթի ժամանակ անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցին․
«Նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Եվ հիմա ցանկանում եմ կրկին պաշտոնապես ասել հետևյալը․ եթե, առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն: Մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ։ Ասել և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից:
Սիրելի ժողովուրդ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի՝ մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, այլ փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք։
Հայաստանի Հանրապետությունում որևէ այլ հաղթող ուժ պիտի չլինի։ Հաղթող պիտի լինի միայն ու միայն մեկ ուժ՝ ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։