Է.Խաչիկյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ կողմից 28.02.2012թ. կազմված և 29.02.2012թ. հաստատված բնութագիրը և ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ վարչական հանձնաժողովի «Պատժից վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր չներկայացնելու մասին» 29.02.2012թ. որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Է.Խաչիկյանը 23.02.2010թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178/2 մասի 2,3 կետերով, 67/1 կետով դատապարտվել է 4 տարի ժամանակով ազատազրկման։ Պատժի սկիզբ է համարվում 16.11.2009թ., պատժի վերջը` 16.11.2013թ.։ Է.Խաչիկյանը պատիժը կրելու ընթացքում կարգապահական խախտումների համար 2 անգամ ենթարկվել է տույժի` 16.03.2011թ.` հայտարարվել է «նկատողություն», 11.08.2011թ.` «3 օր պատժախուց»։ Էդուարդ խաչիկյանը պատիժը կրելու ընթացքում չի ընդգրկվել քրեակատարողական հիմնարկում իրականացվող միջոցառումներին եւ աշխատանքներին։
Դատարանի եզրահանգմամբ՝ քանի որ Է.Խաչիկյանը պատիժը կրելու ընթացքում կարգապահական խախտումների համար 2 անգամ ենթարկվել է տույժի (16.03.2011թ. հայտարարվել է «նկատողություն», 11.08.2011թ.` «3 օր պատժախուց»), հետևաբար հայցվորի կարգապահությունը ցածր գնահատելով պատասխանողը գործել է միանգամայն իրավաչափորեն։
Հայցվորի դիրքորոշմամբ՝ կազմակերպվող միջոցառումներին և հանրօգուտ աշխատանքներին մասնակցելն իր իրավունքն է, որից ինքն օգտվել չի ցանկացել և դա իրեն բնութագրելիս չպետք է հաշվի առնվեր։
Սույն գործով դատարանը վճռեց Է.Խաչիկյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ կողմից 28.02.2012թ. կազմված և 29.02.2012թ. հաստատված բնութագիրը և ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ վարչական հանձնաժողովի «Պատժից վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր չներկայացնելու մասին» 29.02.2012թ. որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net