Ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանից:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:

Դեռ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու  մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս Գևորգը հերոսաբար զոհվել է:   

Մեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ՝ դեռ 2017-ին, Գևորգը, խոսելով երազանքների մասին, նշել էր. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր հավաքվել էին Գևորգի մայրը, մորաքույրները, ընկերները, դասախոսները, տարբեր ֆակուլտետների դեկաններ ու պրոռեկտորներ՝ ևս մեկ անգամ հարգելու Գևորգի հիշատակը և փառաբանելու նրա սխրագործությունը:

«Այսօր մենք շատ հպարտ ենք, որ ունեցել ենք Գևորգի նման սան, բայց մյուս կողմից՝ գլխիկոր ենք, որ նա այսօր մեզ հետ չէ: Հենց նրա պես բազմաշնորհ, անձնազոհ մարդկանց գործունեության շնորհիվ է, որ այսօր դեռ ունենք մեր մի կտոր հայրենիքը: Եթե չլինեին Արշակյանի նման հերոսներ, մենք վաղուց կորած կլինեինք պատմության հորձանուտներում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով, բացառիկ են այն ուսանողները, որ իրենց հրաշալի դրսևորել են գիտության տարբեր բնագավառներում, սովորել տարբեր ֆակուլտետներում, և ավելի բացառիկ կամ գուցե եզակի է այն ուսանողը, որն այս ամենի հետ մեկտեղ որոշել է դառնալ ռազմական գործիչ. «Արշակյանն այդպիսինն էր, և ես վստահ եմ, որ եթե նա շարունակեր իր մարտական ուղին, դառնալու էր փայլուն ռազմական գործիչ»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հանդիսավորությամբ ընթերցեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումը և հուշամեդալը հանձնեց Գևորգի մայրիկին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեռ մանուկ հասակից ճանաչել է Գևորգին, ասաց, որ նրա ձևավորման և կայացման գործում անվիճելի դեր ունի ընտանիքը. «Գևորգի պապի՝ ավագ Գևորգի և ընտանիքի մյուս բոլոր անդամների բոլոր լավ հատկանիշները վստահաբար փոխանցվել են Արշակյանին և դրսևորվել լավագույնս»:

Նրա խոսքով, մարդիկ ամբողջ կյանքում կարող են շատ լավ գործեր իրականացնել, հայտնագործություններ անել և շատ դեպքերում գնահատվել մահից հետո, սակայն Գևորգն իր կարճ կյանքի ընթացքում դարձավ խորհրդանիշ և գնահատվեց կենդանության օրոք. «Նա ուղենիշ էր իրեն ճանաչող բոլոր ուսանողների համար, իսկ հիմա արդեն՝ բոլորի»: 

Գագիկ Ղազինյանը վստահ է, որ մահից հետո Գևորգն իր օրինակով ու կերպարով ավելի շատ է ծառայելու հայրենիքին:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը փաստեց՝ Գևորգը միշտ ներկա պիտի լինի բոլոր սերունդների համար. «Նա այն անհատն էր, որ հոգում հայրենիքն էր կրում, և հենց հայրենիքն էր նրան առաջնորդում»:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն էլ ասաց, որ Գևորգը բազմակողմանի էր զարգացած, հետաքրքրվում էր գիտությամբ, սիրում արվեստը. «Բազմաշնորհ էր, ընկերասեր, նա համալսարանական էր էությամբ և վստահաբար դառնալու էր լավագույն գիտնականներից մեկը»: 

Նրա կարծիքով, Գևորգն իր գործունեությամբ ձևավորել էր մի կերպար, որն արտացոլում է ժամանակակից երիտասարդության լավագույն տեսակը:

Գևորգի ուսանողական և մարտական ընկեր, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ Գևորգը ցանկացած քայլ անելիս յուրահատուկ ու բացառիկ էր. «Այժմ մենք էլ ինչ-որ բան անելիս մտածում ենք, թե ինչպես կարձագանքեր Գևորգը, ինչ կասեր»: 

«Գևորգը ցանկացած ֆակուլտետի ուսանողի հետ կարող էր խոսել նրա մասնագիտությունից, անվերջ բանավիճել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել»,- ասաց Դավիթը և հիշեց, որ երբ ջոկատով գնացել էին Գևորգի զորամաս, տեսել էին այն նույն ճանաչումը, սերն ու հարգանքը, որ վայելում էր Գևորգը համալսարանում:

«Ես Գևորգին միշտ կենդանի եմ հիշելու, չեմ պատկերացնում մի օր, որ գամ համալսարան, անեմ մի գործողություն և չհիշեմ նրան,- ասաց ՈՒԽ նախագահը և շնորհակալություն հայտնեց Գևորգի մայրիկին,- Դուք վառ օրինակ եք, որ հերոսներ ծնվում են հայ մորից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել