36-ամյա մի տղամարդ Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է պահել. ոստիկանություն

Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։ 36-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը հոկտեմբեր ամսին բերել էր Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք Արցախից բերված ապօրինի զենք-զինամթերք պահողներին՝ դրանք անհապաղ կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել