Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համայնքը գործնական և առարկայական համագործակցության տևական փորձառություն ունի: Քաղաքապետը հիշեցրել է, որ 2020-ին COVID-19-ի և պատերազմական իրավիճակի հետևանքով համայնքի առջև ծառացած խնդիրները հնարավոր եղավ օպերատիվ կերպով կարգավորել ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ «Յունիսեֆ»-ի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի երևանյան գրասենյակի, ինչպես նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցության շնորհիվ:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի, մասնավորապես, Արցախի Հանրապետությունից ժամանակավոր տեղահանված քաղաքացիների հետ աշխատանքների, համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև՝ հանրակրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշել է, որ 2020-ին ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը նկատելիորեն ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, մայրաքաղաք Երևանին վերաբերող ծրագրերում կիրառվող ռեսուրսները: ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողն իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հետճգնաժամային կայուն, կանաչ և հեռանկարային զարգացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP), փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), մանկական հիմնադրամի (UNICEF), պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP), բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել