Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները՝ յուրաքանչյուրն իր ձևով կպայքարի, պետք չէ բոլորից պահանջել, որ փողոցներ փակեն կամ անհնազանդություն անեն: Այս մասին այսօր երիտասարդների՝ Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ Փաշինյանն օր-օրի ապացուցում է, որ ձախողել է:
«Երեկվա խորը տապալված հարցազրույցից հետո, միակ կարծիքը, որ առաջացավ այն է, որ ոչ թե «Իսկանդերի» 10 տոկոսն է աշխատել, այլ իր ուղեղն առհասարակ չի աշխատում»,- ասաց Մամիջանյանը:
Նշենք, որ ակցիա իրականացնող երիտասարդներն այս պահին ԵՊՀ-ում են՝ վանկարկելով «ուսանող, միացի՛ր»:
Երիտասարդները մտնում են տարբեր լսարաններ, ուսանողներին և դասախոսներին կոչ են անում միանալ «Առանց Նիկոլ Հայաստան» պայքարին:
Ակցիայի մասնակիցները գնացին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ: Քաղաքացիները շրջում են Տնտեսագիտական համալսարանի լսարաններով՝ կոչ անելով ուսանողներին միանալ շարժմանը։ Նրանք մտան նաև ՀՊՏՀ ռեկտորի ընդունարան։