Բանակցություններ են գնում ադրբեջանական կողմի հետ՝ աճյունների որոնողական աշխատանքները շարունակելու համար. Արցախի ԱԻՊԾ

Փետրվարի 15-ից դադարեցված են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքները:

«Առաջին երկու օրերը կապված էին Արցախում ձյան տեղումների հետ, դա իսկապես խանգարում էր աշխատանքներին, քանի որ բավականին երկար ժամանակ է անցել զինադադարից, հիմա արդեն ամբողջական մարմիններ որոնողական աշխատանքներից չեն գտնում, ցավով պետք է նշեմ, որ շատ հաճախ ոսկորային մնացորդների ենք հանդիպում»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մամուլում շրջանառվում են լուրեր, թե փրկարարները չեն աշխատում և դա է պատճառը, սակայն նա վստահեցնում է, որ եղանակային պայմաններն են պատճառը, ձյան ժամանակ այնտեղ ոչ մի մարմին կամ մասունք հնարավոր չէր գտնել:

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԻՊԾ-ն պաշտոնապես հայտնել էր, որ ադրբեջանական կողմը առանց որևէ պատճառաբանության թույլ չի տալիս գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել:

«Այս պահին բանակցություններ գնում են և նրանք ասացին, որ առաջիկայում որոնողական աշխատանքներ կլինեն, բայց այս պահին աշխատանքները դադարեցվել են առանց որևէ պատճառ ներկայացնելու կամ առանց որևէ մեկնաբանություն տալու։ Թե երբ կվերսկսվեն աշխատանքները՝ կիմանանք առաջիկայում »,-ասաց նա:

Հունան Թադևոսյանը նաև նշեց, որ Արցախի ներքին գործերի նախարարությունը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չեն հանդիսանում բանակցող կողմ, հիմնական բանակցությունները վարում են ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուները:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած որոնողական աշխատանքներից և ադրբեջանական կողմի փոխանցմամբ հայտնաբերվել է 1485 դի, նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են եղել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել