«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին:
«ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային խումբն առաջիկայում կլրամշակի՝ լայն հանրային քննարկման ներկայացնելու համար: Երիտասարդության ոլորտի զարգացման համար ուղենշային այս փաստաթուղթն առաջիկա շաբաթներին պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ: Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ փաստաթուղթը նաև կներառի այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ միջազգային և այլ պարտավորություններով արդեն իսկ ամրագրված են ռազմավարական փաստաթղթերում և նպաստելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության օրակարգերին:
Հանդիպման ընթացքում ռազմավարության մշակման ժամանակացույցը և մոտեցումները ներկայացրել է ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պետրոսյանը, իսկ նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ԵՄ փորձագետ Արսեն Սիմոնյանը:
Այնուհետև նախագիծը քննարկվել է փոքր խմբերով, և ներկայացվել են դրա արդյունքները: Նշենք, որ «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստն անցկացվել է «Վիշեգրադ միջազգային հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «ՊրոԴեՖորմ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը: