Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
«Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստի շրջանակներում: Նախքան աշխատանքների մեկնարկը, ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:
2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ:
Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողունակություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում:
Այս իրողությունը հետևություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը:
Անկասկած, բոլոր ներկաներն արդեն իրազեկ են, որ Վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման շրջանակներում փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը», որի առանցքը առաջիկա վեց ամիսներին տնտեսական ակտիվության խթանումն է, գործարարության և ձեռներեցության զարգացման համար նպաստավոր միջավայրի ու պայմանների ապահովումը: Չնայած ծրագիրը կարճ ժամկետում իրականացվելու օրակարգ ունի, դրանում ներառված բոլոր գործողություններն ու միջոցառումները նաև միջնաժամկետում պիտի նպաստեն տնտեսության վերականգնմանն ու կայուն զարգացմանը: Ծրագրում կարևոր տեղ է հատկացված մասնավոր հատվածի հետ պարբերական խորհրդակցություններին, որոնց միջոցով փորձելու ենք վեր հանել խնդիրները և լուծումներ գտնել: Կարող ենք համարել, որ այս նիստով դնում ենք այդ խորհրդակցությունների մեկնարկը:Ամփոփելով՝ ցանկանում եմ նաև ողջունել և շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այսօրվա նիստին ներկա գտնվելու համար»:
Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին ողջունել է խորհրդակցության մասնակիցներին՝ արտահայտելով Միացյալ Թագավորության հանձնառությունը շարունակելու աջակցել անցկացվող միջոցառումներին, որոնք խթանում են տնտեսության զարգացումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է այնպիսի գործիքների ներդրումն ու կիրառությունը, որոնցով առավելագույնս արդյունավետորեն կհաղթահարվեն նախորդ տարվա առաջացրած խնդիրները:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը մասնավոր հատվածում գործառնություններն են: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը մեծապես շահագրգռված է աջակցելու մասնավոր-պետություն տնտեսական երկխոսությանը, ինչն էլ իր հերթին պիտի նպաստի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:
Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլն: Քննարկման առարկա են դարձել դրոշմավորման գործընթացում առկա խնդիրները, «Հայփոստի» առաքման ծառայության գների բարձրացման հարցերը: Օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը»,- ասված է հայտարարության մեջ: