ԱՀ ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ, հարուցվել է քրեական գործ. ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիմքով քրեական գործ է հարուցվել ենթադրյալ խոշտանգման դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունների պաշտպանի գրասենյակից:

«2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին:

ԱՀ ՄԻՊ հաղորդման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել