Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար:
Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին:
Զրուցակիցները քննարկել են 2021-2027թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար:
Քննարկվել են նաև 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը:
Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժաշետությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը»,- ասված է հայտարարության մեջ: