Գյումրիում ձերբակալվել է ապրիլի 23-ի միջադեպից տուժած Հարություն Խաչատրյանի անչափահաս որդին

Այսօր Գյումրիի ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունից տուժած Հարություն Խաչատրյանի որդուն` անչափահաս Գևորգ Խաչատրյանին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության բաժնից:

Նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած հանցագործությունը կատարել է ինքը:

Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Ոստիկանության փոխանցմամբ` նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը ձերբակալված է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել