Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։

Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։

Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։

Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։

Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։

Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։

Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որոն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներ սահմանել գրական հայերենը և ռուսերենը:

Նշվում է, որ պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները պարտավոր կլինեն պահպանել գրական հայոց լեզվի կամ ռուսաց լեզվի անաղարտությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր կլինեն համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանությունը՝ բացառությամբ ռուսերենի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել