Գյումրիում կայացել է «Օրենսդրական օրակարգի քննարկման օր» մարզային քննարկում` Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի ՀԿ ներկայացուցիչների, ոլորտային մասնագետների, համայնքների ակտիվ խմբերի անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մարզային քննարկման կազմակերպիչներն էին «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը, USAID-ը և ՀԿ կենտրոնը:
Քննարկման նպատակն էր հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվ քաղաքացիներին ազդեցություն ունենալու օրենսդրական օրակարգի ձևավորման գործընթացի վրա: Նախաձեռնությունը բաղկացած էր մի քանի փուլերից` տվյալ հանդիպումն առաջինն էր:
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան, որը ամփոփ ներկայացրեց նախորդ տարվա գործունեությունը և հույս հայտնեց, որ ակտիվությունը կպահպանվի մինչև գործընթացի ավարտը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի կողմից ներկայացվեց «Օրենսդրական գործընթացների ցիկլը Հայաստանում»: Ներկայացման ընթացքում բանախոսը ներկայացրեց ներպետական օրենսդրությունը` համեմատականներ տանելով միջազգային փորձի հետ:
Քննարկման ընթացքում մասնակիցներից ձևավորվեցին թվով 10 աշխատանքային խմբեր` առողջապահական հարցերի, սոցիալական, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, մարդու իրավունքների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, պետաիրավական, տնտեսական ֆինանսավարկային և բյուջետային, բնապահպանական և գյուղատնտեսական և պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տարաբնույթ հարցերի, որոնցից էին ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, գնումների մասին օրենքի քննարկումը, ընդհուպ մինչև դերասանների իրավունքները:
Ձևավորված աշխատանքային խմբերն առանձին քննարկեցին թեմատիկ հարցեր, ներկայացրեցին առաջարկներ, որոնք հետագայում մշակվելու են և ներկայացվելու Ազգային ժողով:
Աղբյուրը` Իրավաբան.net