Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Ավետիք Կարճիկյանը: Այս մասին տեղեկանում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից:
Ավետիք Կարճիկյանը երկու տարի առաջ էր ավարտել բուհի Իրավագիտության բաժինը: Պատերազմի ընթացքում մարտնչել է կռվի ամենաթեժ կետերից Մեխակավանում:
Բարձր առաջադիմությամբ, ուշիմ, ժտերես, հետաքրքրասեր և սիրված բոլորի կողմից. այսպես են նկարագրում Ավետիք Կարճիկյանին ճանաչողները: Մարտական ընկերների հավաստմամբ` իրենք Ավետիք Կարճիկյանին «դոկտոր» էին ասում, քանի որ մշտապես օգնում էր վիրավոր զինվորներին. մայրը բժշկուհի է, և նա լավ էր տիրապետում առաջին բուժօգնության կանոններին:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Ավետիք Կարճիկյանի հարազատներին ու մտերիմներին: