«Ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի»․ Սերժ Սարգսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի կապի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» լրատվականին։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, որ լայնորեն տարածված մի վարկած կա, որ Հայաստանի գործող վարչապետը անձամբ իր պրոյեկտն է։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Շփումները հեղափոխության օրերին, միգուցե դրանից առաջ, իշխանությունը փոխանցելուց հետո եղե՞լ են, թե՞ այդ մի քանի րոպեանոց դրվագն է եղել, որը բոլորիս աչքի առաջ էր, Սերժ Սարգսյանը պատասխանել է։

«Նախ ասեմ, որ ապագա կապիտուլյանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, ավելի ստույգ, 1993 թվականների վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք։

Այդ խնդիրները մանիպուլյացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին։

Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90-ականների վերջին դատարանում և երրորդ անգամ մենք հանդիպել ենք 2018թ․-ին «Մարիոթ» հյուրանոցում։ Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել։ Նորից եմ կրկնում, ֆիզիկապես այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ»,-ասաց նա։

Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի կողմից, արդեն իր պաշտոնավարման օրոք, ցանկություն չի եղել կապ հաստատելու իր հետ՝ Արցախի հարցով։ «Ոչ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեի»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է նման առաջարկ լինելու դեպքում այն ընդունելուն կամ մերժելուն, Սարգսյանը պատասխանեց․ «Գիտեք, դա մի ուրիշ հանգամանք է, երբ նախկին նախագահներով, այո, ունեինք այդպիսի ցանկություն, բայց երբեք ես նրա հետ, ինչպես ասում են, դեմ առ դեմ չէի հանդիպի մենակ։ Ոչ, ես չեմ ունեցել այդպիսի ցանկությունը։ Ինչ վերաբերում է, որ կապիտուլանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի։

Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք ոչ մի ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ միայն հակասություններ եմ ունեցել։ Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել