Այսօր աշխատանքային հանդիպում եմ ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Հանդիպման ընթացքում կարևորել ենք գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձել եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին, նշել, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։
Ներկայացրել եմ, որ պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել էր Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ՝ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100,000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Լիահույս եմ, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։
Դեսպան Լին Թրեյսիի խոսքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն են կազմում։
Դեսպանը կարևորեց նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը»,- ասված է գրառման մեջ։