Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից։
Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի հերթականություն։
Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։
Առևտրային կազմակերպությունը պարտավոր է իր անվանման մեջ օգտագործել նաև օրենքով նախատեսված համապատասխան բառեր:
Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին։
Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը որոշվում է իրավաբանական անձը հիմնադրելիս կամ վերակազմակերպման ժամանակ և գրանցվում (փոփոխվում) է օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net