Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության առնչությամբ: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Հիշեցնենք, որ ի աջակցություն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Պավլիկ Մանուկյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ էր։ Ակցիայի ընթացքում նա անդրադառնալով Բադասյանի՝ վարչապետին վերացնելու մասին հայտարարությանը, ասաց՝ ինքն էլ է պատրաստ վերացնելու։
Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր.
«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:
Այդ հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին, այնուհետև նա կալանավորվել է։