ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին․ ԱԺ պատգամավոր

Րոպեներ առաջ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին, ով չնայած առողջական ծանր վիճակին շարունակում է գտնվել անազատության մեջ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության:

Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշման առկայությամբ և սրտի շրջանում ծակոցներից:

Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին և մենք կհասնենք Վահան Բադասյանի խափանման միջոցի փոփոխմանը:

Օգնել ցանկացողներին խնդրում եմ կապ հաստատել ինձ կամ պարոն Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր.

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:

Այդ հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին, այնուհետև նա կալանավորվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել