Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք:
Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ:
Կոմիսիայի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետում կամ առանց ժամկետի, դրա կատարման տարածքի նշումով կամ առանց դրա, ի շահ կոմիտենտի և նրա հաշվին այնպիսի գործարքներ կնքելու իրավունքը երրորդ անձանց չտրամադրելու կոմիտենտի պարտավորությամբ, որոնց կնքելը հանձնարարված է կոմիսիոներին, կամ առանց նման պարտավորության` կոմիսիայի առարկա գույքի տեսականու վերաբերյալ պայմաններով կամ առանց այդ պայմանների:
Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են նախատեսվել կոմիսիայի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկություններ:
Աղբյուր՝ Իրավաբան.net